Օրերս աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը ճանաչողական բնույթ էր կրում և նպատակ ուներ խորացնել երկու երկրների կրթական վերահսկողական կառույցների համագործակցությունը։ Հայկական պատվիրակությանը հյուրընկալել էր Վրաստանի կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության որակի բարձրացման ազգային կենտրոնը։
Այցի ընթացքում կողմերը քննարկեցին կրթության որակի ապահովմանը և վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձան ընդհանուր մարտահրավերներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին։
Ողջունելով հայկական պատվիրակության այցը՝ Կրթության որակի բարձրացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լաշա Մարգիշվիլին բարձր գնահատեց երկու բարեկամ երկրների համապատասխան կառույցների միջև ձևավորվող գործնական կապերը։ Նա վստահություն հայտնեց, որ փոխգործակցության ընդլայնումը կնպաստի կրթության որակի շարունակական բարելավմանը և վերահսկողական նոր գործիքակազմերի ներդրմանը։
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրեց մարմնի հիմնական գործառույթներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով արդյունավետ վերահսկողական գործիքակազմերի մշակման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան գնահատել ուսումնական հաստատության կրթական գործընթացի բովանդակային բաղադրիչները։
Կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության պետ Զարուհի Միքայելյանը ներկայացրեց ուսումնական հաստատությունների ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, իսկ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Աիդա Բարսեղյանը՝ ստուգումների իրականացման ընթացակարգերն ու մոտեցումները։
Վրացի գործընկերները ևս ներկայացրին իրենց գործունեության ուղղությունները, վերահսկողական և գնահատման գործընթացների կազմակերպման փորձը, ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով փոխանակել լավագույն փորձը և զարգացնել երկկողմ հարաբերությունները։
Այցի ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով՝ ի նշան համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման։ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը հրավիրեց վրացի գործընկերներին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ծրագրերին ու աշխատանքներին, ինչպես նաև քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները։