ՀՀ կրթության տեսչական մարմինը, իրականացնելով վերահսկողական գործառույթներ և արձագանքելով ստացված ահազանգերին, դիտարկման և ուսումնասիրության առարկա է դարձնում նախադպրոցական կրթական հաստատություններում առկա խնդիրները։ Հաշվի առնելով մամուլի կողմից ներկայացված դիմումները և դրանցում բարձրացված փաստերը՝ մարմինը նախաձեռնում է վարչական վարույթներ՝ օրենքի պահանջներին համապատասխան կարգապահական և կազմակերպական խախտումները բացահայտելու ու վերացնելու նպատակով։
Հիմք ընդունելով «N» թերթի խմբագրի դիմումը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «N» մանկապարտեզի վերաբերյալ, տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ։
Դիմումում նշվել է, որ Դիլիջանի համայնքապետը «N» մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատանքի է ընդունել բուժքրոջ մասնագիտությամբ անձի՝ առանց մրցույթի։
Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ դաստիարակի թափուր հաստիքը համալրվել է ոչ մրցութային կարգով․ տնօրենի հրամանով նշանակվել է դաստիարակ՝ բուժքրոջ կրթությամբ, որը չի համապատասխանում պաշտոնի որակավորման պահանջներին։
Դաստիարակի թափուր պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել։
Նշանակվել է մասնագիտական որակավորում չունեցող անձ։
Վարույթի ընթացքում պարզվել է, որ.
խախտվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17․02․2022 թ․ N 08-Ն հրամանի պահանջները (մրցույթի պարտադիր հայտարարում),
խախտվել են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27․03․2024 թ․ N 20-Ն հրամանի պահանջները (դաստիարակի որակավորման չափանիշներ)։
Տեսչական մարմինը եզրակացնում է, որ մանկապարտեզում տեղի է ունեցել օրենսդրական խախտում։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ և 54-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեսչական մարմինների մասին» և «Կրթության մասին» օրենքների հիմքով անհրաժեշտ է Դիլիջանի համայնքի «N» մանկապարտեզին տալ հետևյալ հանձնարարականները՝
դաստիարակի թափուր պաշտոնի համալրման համար պարտադիր ապահովել մրցութային կարգի պահպանումը,
աշխատողներին նշանակել միայն օրենքով սահմանված որակավորումներին համապատասխան։
Տեսչական մարմինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու նախադպրոցական կրթության ոլորտում օրինականության պահպանումը, մանկավարժական անձնակազմի որակավորման պահանջների կատարմանը հետևելը և երեխաների կրթության ու խնամքի որակի բարձրացումը։ Նշված հանձնարարականների կատարումը ենթակա է պարտադիր իրականացման։