Արարատի մարզի «N դպրոց» ՊՈԱԿ-ում Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2025 թվականի մայիսի 21-ին ներկայացված տեղեկատվությունը, տեսչական մարմնի ղեկավարի հրամանով դպրոցի նկատմամբ հարուցել և իրականացրել է վարչական վարույթ։
Վարույթի շրջանակում իրականացվել են փաստաթղթային ուսումնասիրություններ, լսումներ և քննարկումներ։ Ուսումնասիրվել են հետևյալ հարցերը․
- տնօրենի կողմից «Քիմիա» առարկան դասավանդելու և գրադարանավարի պարտականությունների կատարումը,
- 8-րդ դասարանի «Երկրաչափություն» առարկայի դասագրքերով սովորողների ապահովվածությունը,
- տնօրենի տեղակալի պարտականությունների սահմանափակումը,
- ուսուցչի օգնականի և հոգեբանի պարտականությունների կատարումը,
- երկարօրյա ուսուցման կազմակերպումը 5-8-րդ դասարաններում,
- առաջին դասարանի սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը,
- «Առողջ ապրելակերպ» խմբակավարի որակավորման պահանջը։
Լսումներ են իրականացվել տնօրենի տեղակալի, 7 ուսուցչի, դասղեկների, գրադարանավարի, ուսուցչի օգնականի, մաթեմատիկայի ուսուցչի և սովորողի ծնողի հետ։ Վարույթում ներգրավվել է նաև փորձագետ՝ դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով։
Վարույթի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․
Ուսումնական գործընթաց
- 8-րդ դասարանի սովորողները 2024-2025 ուսումնական տարում չեն ունեցել «Երկրաչափություն» առարկայի դասագրքեր։
- Տնօրենը «Քիմիա» առարկան դասավանդել է առանց համապատասխան որակավորման։
- Տարրական կրթության մեթոդական միավորումը 2024 թվականի հոկտեմբերից նախագահ չի ունեցել։
- Ուսումնառության ցածր արդյունք արձանագրած սովորողների առաջադիմության բարելավման նպատակով երկարօրյա ուսուցում ոչ միշտ է կազմակերպվել։
Կադրային և աշխատանքային գործառույթներ
- Տնօրենը սահմանափակել է ուսումնական գծով տնօրենի տեղակալի աշխատանքային գործառույթները։
- Տնօրենի դուստրը՝ դպրոցի գրադարանավարը, չի կազմակերպել ընթերցանության և գրադարանի թեմատիկ աշխատանքները՝ իրեն հատկացված հաստիքային միավորին համապատասխան։
- Ուսուցչի օգնականը, ունենալով 1,5 հաստիքային միավոր և դասղեկություն, չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները կրթական դժվարություններ ունեցող սովորողների հետ։
- Տնօրենը նաև դասղեկում է և ղեկավարում «Առողջ ապրելակերպ» խմբակը՝ առանց հիմնավոր պատճառաբանության։
Աջակցություն սովորողներին
- Ծնողի համաձայնությամբ ՏՄԱԿ-ի կողմից առաջին դասարանի սովորողի համար կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում և աջակցություն չի իրականացվել։
- Ուսուցիչների վկայություններով՝ կրթության դժվարություններ ունեցող սովորողների համար հաճախ չի ապահովվել ուսուցչի օգնականի աջակցություն։
Մթնոլորտ և ներքին միջավայր
- Վկաների մեծ մասը նշել է, որ դպրոցում տիրում է ոչ բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ։ Տնօրենը առանձնացրել է «ընտրյալների» խումբ և ցուցաբերել անհավասար վերաբերմունք։
- Այս փաստը բացասաբար է անդրադառնում ինչպես աշխատավայրի աշխատանքային միջավայրի, այնպես էլ ուսումնական գործընթացի վրա։
Փորձագետի ուսումնասիրություն
Դպրոցի անձնակազմի հետ կիրառվել է զրույցի մեթոդ և բարոյահոգեբանական մթնոլորտի գնահատման հարցաշար։ Հետազոտությանը մասնակցել է 14 աշխատակից։ Սովորողների և ծնողների հետ հետազոտություն չի իրականացվել՝ արձակուրդային շրջանի պատճառով։
Ըստ հարցաշարերի արդյունքների․
- բարոյահոգեբանական մթնոլորտը ընդհանուր առմամբ գնահատվել է անբավարար,
- աշխատանքային կանոնակարգի խախտումներին արձագանքման մեխանիզմները մեծ մասամբ գնահատվել են միջինից ցածր,
- աշխատակիցների խրախուսման մեխանիզմները գնահատվել են անբավարար,
- պատասխանների զգալի մասում արտահայտվել են անհամաձայնություն, անբավարարվածություն և անտարբերություն,
- նշվել են նաև ուսուցչի նկատմամբ վերբալ բռնության դեպքեր։
Հաստատության դիրքորոշումը (տնօրենի կողմից)
- Տարրական կրթության մեթոդական միավորում – «2024-2025 ուսումնական տարում մեթոդական միավորման նախագահ չի նշանակվել․ պատճառը դասվարների հրաժարումն է ծանրաբեռնվածության պատճառով։ Աշխատանքներն իրականացրել է տնօրենի տեղակալը»։
- Դասագրքեր – «Գրադարանավարի սխալմամբ դպրոցը ստացել է «Արվեստի պատմություն» դասագրքեր «Երկրաչափության» փոխարեն։ Սովորողները օգտվել են նախորդ տարվա և էլեկտրոնային դասագրքերից։ Դասավանդման որակի խնդիր չի եղել»։
- Տնօրենի տեղակալ – «Խոչընդոտներ չեն եղել։ Պարտականությունները կատարվել են պատշաճ»։
- Երկարօրյա ուսուցում – «Չի կազմակերպվել ցածր առաջադիմություն ունեցող աշակերտների համար, քանի որ ուսուցիչների կողմից համապատասխան դիմումներ չեն ներկայացվել»։
- Ներառական կրթություն – «Առաջին դասարանի աշակերտի և ևս յոթ աշակերտների վերաբերյալ իրականացվել են դիտարկումներ և քննարկումներ ՏՄԱԿ-ի հետ։ Գնահատման գործընթացը կավարտվի 2025 թ. սեպտեմբերին»։
- Ուսուցչի օգնական – «Աշխատանքն ընդհանուր առմամբ կատարվել է, բայց ծանրաբեռնվել է հեռավար դասերի անցկացման պատճառով (երկրորդ օգնականը եղել է արձակուրդում)։ Գործունեությունը գնահատվում է «լավ»»։
- Գրադարանավար – «Աշխատանքային պլանի 90 %-ը կատարել է, փոփոխված քայլերն ու նորերը ևս իրականացվել են։ Գործունեությունը գնահատում է «լավ»»։
Տեսչական մարմնի եզրահանգումները
- Գրադարանավար – չի ապահովվել դասագրքերի պատշաճ համալրումը և գրադարանային ծառայությունների արդյունավետ կազմակերպումը (ՀՀ կառավարության №216-Ն որոշում, հավելված 1, գլուխ 9)։
- Ուսուցչի օգնական – լիարժեք չի ապահովվել սովորողների ուսումնառության դժվարությունների բացահայտումն ու աջակցության իրականացումը (ՀՀ կառավարության №216-Ն որոշում, հավելված 1, գլուխ 11, կետ 9)։
- Հոգեբան – հաստիքն առկա է, սակայն հոգեբան չի նշանակվել, ինչի հետևանքով չեն կատարվել հոգեբանական աջակցության և ներառական կրթության պահանջները (ՀՀ կառավարության №216-Ն որոշում, հավելված 1, գլուխ 5, կետեր 1-21)։
- Տնօրեն (մեթոդական միավորում) – չի իրականացվել մեթոդական միավորումների ղեկավարների նշանակման պարտականությունը (ՀՀ կառավարության №216-Ն որոշում, հավելված 3, կետ 11)։
- Երկարօրյա ուսուցում – ուսումնառության ցածր արդյունք արձանագրած սովորողների առաջադիմության բարելավման նպատակով երկարօրյա ուսուցում չի կազմակերպվել, ինչով խախտվել է հավասար կրթական հնարավորությունների սկզբունքը («Հանրակրթության մասին» օրենք, հոդված 5, մաս 2, կետ 2)։
- ԿԱՊԿ գնահատում – դպրոցի կողմից դիմում է ներկայացվել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համար, հետևաբար նորմը պահպանվել է։
- Վարքականոններ և բարոյահոգեբանական մթնոլորտ – խախտվել են մանկավարժական աշխատողների վարքականոնները, տնօրենը չի ապահովել բարենպաստ մթնոլորտ դպրոցում («Հանրակրթության մասին» օրենք, հոդված 5, ՀՀ կառավարության №216-Ն որոշում, հավելված 3, կետ 36)։
- Տնօրենի դասավանդում – պահպանվել են վարչական աշխատողի դասավանդման իրավակարգավորման պահանջները («Հանրակրթության մասին» օրենք, հոդված 25)։
- Խմբակավար («Առողջ ապրելակերպ») – պահպանվել են որակավորման պահանջները (ՀՀ կառավարության №216-Ն որոշում, հավելված 1, գլուխ 13, կետ 3)։
- Տնօրենի աշխատանքային գործառույթներ – պահպանվել են իրավակարգավորման պահանջները (ՀՀ կառավարության №216-Ն որոշում, հավելված 3, կետ 12)։
Կարգադրություն
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի կողմից, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «N միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ ի դեմս տնօրենի, տրվում է կարգադրություն․
- Ապահովել 2025-2026 ուսումնական տարվա 8-րդ դասարանի սովորողներին «Երկրաչափություն» առարկայի դասագրքերով։ Կատարման մասին տեղեկացնել ՀՀ կրթության տեսչական մարմնին մինչև 2025 թ. սեպտեմբերի 10-ը՝ կցելով համապատասխան փաստաթղթերի պատճենները։
- Սահմանել հոգեբանի հաստիքային միավոր և ապահովել վերջինիս աշխատանքային գործառույթների իրականացումը օրենսդրության պահանջներին համապատասխան։ Կատարման մասին տեղեկացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 10-ը՝ կցելով համապատասխան փաստաթղթերի պատճենները։
- Ապահովել տնօրենի աշխատանքային գործառույթների լիարժեք կատարումը՝ վերահսկելով մանկավարժական աշխատողների աշխատանքային գործառույթների պատշաճ իրականացումը։ Կատարման մասին տեղեկացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 20-ը՝ կցելով համապատասխան փաստաթղթերի պատճենները։
📌 Թեժ գիծ՝ 8737
📌 Կայք՝ www.eib.am
📌 Էլ. հասցե՝ info@eib.gov