2025 թ. օգոստոսի 21-ին, Հայաստանի Հանրապետության Կրթության տեսչական մարմինը՝ ղեկավար Վաղարշակ Մատիկյանի գլխավորությամբ, և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը՝ հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի մասնակցությամբ, ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով ջանքերը կրթության որակի բարելավման և նորարարական մեթոդների ներդրման ուղղությամբ։
Ողջույնի խոսքում Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց․
«Այս համագործակցության մեկնարկը կարևոր քայլ է կրթական համակարգի որակի բարձրացման եւ արդիականացման ճանապարհին։ Մենք կարևորում ենք նման գործընկերությունը, որը հնարավորություն կտա համատեղ ջանքերով զարգացնել նորարարական մոտեցումներ, իրականացնել արդյունավետ հետազոտություններ ու դպրոցական կառավարման մարմինների շարունակական մասնագիտական զարգացում։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կտա տեսանելի արդյունքներ, որոնք ուղղված կլինեն յուրաքանչյուր աշակերտի կրթական հնարավորությունների ընդլայնմանը»։
Լարիսա Հովհաննիսյանը իր խոսքում ընդգծեց․
«Նման համագործակցությունները շատ կարևոր են, քանի որ ստեղծում են հավելյալ հնարավորություններ երկու կողմերի համար։ Ուրախ եմ սկսել նոր համագործակցություններ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» շրջանավարտ դեսպանների հետ, ովքեր այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ կրթական ոլորտում, ինչը կարևոր դեր ունի մեր կազմակերպության կրթական բարեփոխումների ճանապարհին»։
Հուշագրի շրջանակում կողմերը կգործակցեն հետևյալ ուղղություններով․
մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում,
կրթական հետազոտությունների իրականացում,
նորարարական տեխնոլոգիաների ներդրում,
ուսուցիչների և վարչական անձնակազմի մասնագիտական աջակցություն,
միջազգային փորձի ուսումնասիրում և տեղայնացում։
Կնքված համագործակցությունը ներառում է․
համատեղ աշխատանքային խմբի ստեղծում,
տարեկան գործողությունների պլանների մշակում,
արդյունքների պարբերական գնահատում՝ կրթական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Հուշագիրը ստեղծում է երկարաժամկետ և համակարգված համագործակցության հիմք՝ կրթության զարգացման և ներառականության ապահովման համար։

Թեժ գիծ՝ 8737