ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «Ի Գործ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

2020 թվականի հուլիսի 1-ից ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» բացառիկ ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին տալիս է հնարավորություն աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:

Այս ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հանդիպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի պատասխանատու Լիանա Սիմոնյանին և ծրագրի շրջանակներում Կրթության տեսչական մարմնին միացող մասնակիցներին: Ծրագրի պատասխանատու Լիանա Սիմոնյանը նշեց, որ ծրագրի առաքելությունն է հայրենադարձության` մասնավորապես մասնագիտական հայրենադարձության խթանումը: Շուրջ 100 մասնագետներ սփյուռքից կհամալրեն պետական կառավարման համակարգը` բերելով իրենց հետ արտասահմանյան փորձն ու խորացնելով մասնագիտական գիտելիքները:

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքներին աջակցելու, նոր կարգավորումների և գործիքակազմերի մշակմանը մասնակցելու համար Կրթության տեսչական մարմնի աշխատակազմը հյուրընկալել է Արփինե Պողոսյանին և Նարինե Սիրականյանին, որոնք հայրենիք են եկել մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ։

Ալեքսանդր Շագաֆյանն իր հերթին ողջունելով հյուրերին` հույս հայտնեց, որ մասնակիցները ցանկություն կհայտնեն մնալ Հայաստանում ու աշխատել ՀՀ պետական կառավարման համակարգում, ինչու ոչ,  նաև հենց ՀՀ կրթության տեսչական մարմնում: