Հայաստանի 14 դպրոցներում տեղի կունենան դասալսումներ. Կրթության տեսչական մարմինը մասնագետների բազա է ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր կրթության տեսչական մարմինը հանրակրթական մի շարք դպրոցներում դասալսումներ կիրականացնի։ Այդ նպատակով այժմ ընթանում է մասնագետների բազայի ստեղծման գործընթաց։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց վերոնշյալ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, դասալսումները տեղի կունենան հանձնարարվող գրավոր աշխատանքներին զուգահեռ: Այդ ստուգումները տեսչական մարմինը կատարում է բովանդակային վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Գրավոր աշխատանքները դպրոցներում իրականացվում են հայոց լեզու (թելադրություն) եւ մաթեմատիկա առարկաներից:

Դասալսումները կլինեն նոր ուսումնական տարվա սկզբից՝ սույն թվականի սեպտեմբերի 2-ից մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաների դասաժամերին: Այս ընտրությունը, ըստ Շագաֆյանի, պայմանավորված է վերջին մեկուկես տարվա ընթացքում մաթեմատիկա առարկայի գրավորների ոչ այնքան հուսադրող արդյունքներով։ Ինֆորմատիկայի դեպքում էլ պատճառն այն է, որ ՏՏ ոլորտն այսօր մեր տնտեսության առաջնահերթություններից է։ ԿՏՄ-ն նպատակ ունի պարզել՝ ինչ տեսք ունի հաստատություններում այս առարկայի դրվածքը:

https://armtimes.com/hy/article/181100