ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) հանրակրթական ուսումնական հաստատություններում (դպրոցներ, մանկապարտեզներ) 2019 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն իրականացվելիք ստուգումների շրջանակում նախատեսել էր ծնողների հետ անցկացնել հարցումներ ուսումնական հաստատության կրթական գործընթացի վերաբերյալ:

Հարցաթերթերի մշակման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2019 թվականի փետրվար ամսին տեսչական մարմնի ղեկավարը դիմեց ԵՊՀ ռեկտորին՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ավարտական կուրսերի 4 ուսանողների ուսումնական պրակտիկան տեսչական մարմնում անցկացնելու խնդրանքով: Պարզվեց՝ ուսումնական պրակտիկան անց է կացվում յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր ամսին, սակայն տեսչական մարմնի հետ աշխատանքը հետաքրքրել էր ուսանողներին, և կամավորության սկզբունքով մեզ միացան ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի 6 ուսանողներ: Հարցաթերթերի մշակմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի 3 դպրոցներում դրանց փորձարկմանը մասնակցեցին նրանցից 4-ը, իսկ վերջնական լրամշակման աշխատանքները և փորձարկման արդյունքների վերլուծությունը ավարտին հասցրեցին երկուսը:

2019 թվականի մայիսի 24-ին տեսչական մարմնում իրականացված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը, ղեկավարի տեղակալ Ռ. Գալստյանը, ՌԳՍՊՎԳ վարչության պետ Զ. Միքայելյանը և հանրակրթության վարչության պետ Ս. Ավետիսյանը՝ վերոնշյալ երկու ուսանողները՝ Ղալամդարյան Անժելան և Եսայան Իրինան,  ներկայացրեցին ՀՀ Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 9 դպրոցներում փորձարկված հարցաթերթերի արդյունքների ամփոփ վերլուծությունը:

Տեսչական մարմինը շնորհակալություն է հայտնում ուսանողների մասնակցության և Ա. Ղալամդարյանի ու Ի. Եսայանի արդյունավետ աշխատանքի համար: