ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին աշխատանքային քննարկման էր հրավիրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ կրթության տեսչական մարմնի ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար կրթության ոլորտի խնդիրներն ու դրանց կարգավորմանն ուղղված որոշ ծրագրեր:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Կրթության տեսչական մարմնի գործառույթներին ու գործունեությանը՝ ընդգծելով, որ կառույցի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունն անհրաժեշտ է բարեփոխել՝ ելնելով այն տրամաբանությունից, որ տեսչական մարմիններն ստուգվող կառույցներին պետք է օգնեն, այլ ոչ թե լինեն «բռնող», ինչպես եղել է:

Կրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ է հստակ քայլեր կատարել՝ սկսած օրենսդրական դաշտի բարելավումից մինչեւ տեսչական մարմնի գործունեության վերարժեւորում, նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովի փոխնախագահը նաեւ անհրաժեշտ է համարել բարձրացնել տեսուչների որակավորումն ու գիտելիքները՝ իրականացնելով վերապատրաստումներ: Ըստ նրա՝ տեսուչի հետ ստուգվող կրթական հաստատություններ պետք է գործուղել նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչն արդյունավետ կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հայտնել է, որ կրթության ոլորտում տեսչական խնդիրները կարգավորելու համար մշակվում է օրենքի նախագիծ, որը հավանաբար խորհրդարանի քննարկմանը կներկայացվի աշնանային նստաշրջանի ընթացքում: Ըստ նրա՝ կրթության ոլորտում գործող օրենսդրությունը թույլ չի տալիս իրականացնել պետական վերահսկողություն բնագավառում, ինչն էլ խոչընդոտում է սովորողներին որակյալ կրթության մատուցումը, քանի որ այն չունի ազդեցիկ ներազդման մեխանիզմներ, երբ խախտումներ են հայտնաբերվում ստուգվող հաստատություններում:

Հրավիրված պաշտոնատար անձինք ներկայացրել են ոլորտի խնդիրները, անդրադարձել դրանց լուծման իրենց տեսակետներին:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար կազմակերպել քննարկումներ, երբ օրենքի նախագիծն առավել որոշակի կդառնա: