ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ DASARAN ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Այսօր ՀՀ կրթության տեսչական մարմնի գրասենյակում կայացավ ՀՀ կրթության տեսչական մարմնի և #Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության հուշագրի կնքման արարողությունը։

Հուշագրի նպատակն է նպաստել կրթության որակի բարելավմանը և իրական ժամանակում ստացվող իրական տվյալների հիման վրա կրթության ոլորտի արդյունավետության բարձրացմանը։

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ընդգծեց ՀՀ կրթական գործընթացի թվայնացման, կրթական նոր մոդելների ներդրման և այդ համատեքստում Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված E-stat վիճակագրական-վերլուծական էլեկտրոնային գործիքի կարևորությունը՝ ի նպաստ տվյալահեն քաղաքականության մշակման և կրթական գործընթացների կառավարման արդյունավետության բարձրացման։

-Այս համագործակցությունը հրաշալի հնարավորություն է վեր հանելու ոլորտում առկա խոցելի կողմերը՝ միաժամանակ խնայելով ժամանակ և ռեսուրսներ․ այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ հանրային վերահսկողության, այլև անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության, հետադարձ կապի և թափանցիկության ապահովման,-իր խոսքում նշեց Ալեքսանդր Շագաֆյանը։

-Dasaran կրթական ծրագիրը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական գաղափարների ներդրման միջոցով նպաստել տվյալահեն կրթական քաղաքականության մշակմանը և կրթության որակի բարձրացմանը,- նշեց Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը։