ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանված է
ՀՀ կրթության տեսչական մարմնի
կառավարման խորհրդի
2018 թ. հուլիսի 3-ի N 07-02-03 որոշմամբ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից հանրությունից ստացված բողոքների ընդունման և հետագա ընթացք տալու հետ կապված հարաբերությունները:

2. Տեսչական մարմինը հանրությունից իրեն հասցեագրված կամ տարբեր մարմիններից (կազմակերպություններից) վերահասցեագրված բողոքներն ընդունում և քննության է առնում իր լիազորությունների շրջանակում, ինչպես նաև կարող է քննության առնել ԶԼՄ-ներում հրապարակված այն նյութերը, որոնք վերաբերում են կրթության բնագավառի վերահսկման իր ոլորտներին (նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն):

3. Բողոքները կարող են ներկայացվել առձեռն, էլեկտրոնային եղանակով, փոստային եղանակով, Թեժ գիծ հեռախոսակապով, ինչպես նաև կարող են փոխանցվել այլ մարմիններից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Բողոքները պետք է պարունակեն դրանք ներկայացնող անձի (անձանց) վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը`
1) անունը, ազգանունը (թղթային կրիչի դեպքում` ստորագրություն), իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, պաշտոնատար անձի ստորագրությունը.
2) բնակության վայրի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).
3) հետադարձ կապի միջոցը (էլեկտրոնային փոստ կամ հեռախոսահամար):
4) անձը հաստատող փաստաթղթերի տվյալններ (ըստ անհրաժեշտության):
5. Անանուն կամ կեղծ բողոքներին տեսչական մարմինն ընթացք չի տալիս: Կեղծ է համարվում այն բողոքը, որում նշված անձնական տվյալները չեն համապատասխանում բողոքը ներկայացնող անձի իրական տվյալներին, կամ քաղաքացին հայտնում է, որ բողոքում նշված են իր անձնական տվյալները, սակայն հեղինակն ինքը չէ):

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված այն բողոքները, որոնցում բերված փաստարկները վերաբերում են ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կողմից (անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից) թույլ տրված իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումների, որոնք ազդեցություն կարող են թողնել կրթական գործընթացի կազմակերպման բնականոն ընթացքի վրա` հետագայում առաջացնելով էական հետևանքներ, և ժամանակի առումով դրանց վերացումը կարող է դառնալ անհնարին, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արդյունքում ենթակա են զեկուցման Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ ստուգման թույլտվություն ստանալու նպատակով:

7. Տեսչական մարմինը ընդունում և քննության է առնում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված այն բողոքները, որոնք վերաբերում են՝
1) կրթության բովանդակությանը.
2) կրթական գործընթացի կազմակեպմանը և կրթական գործընթացի մասնակիցներին՝
ա) սովորող.
բ) սովորողի ծնող.
գ) մանկավարժական աշխատողներ.
դ) վարչական աշխատողներ.
ե) կառավարման խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ անձինք.
3) օրենքներով և կանոնադրությամբ տեսչական մարմնին վերապահված լիազորություններին առնչվող այլ գործառույթների:

8. Հանրության կողմից հաստատության վերաբերյալ բողոքների ներկայացումը հիմք չէ տվյալ հաստատությունում պարտադիր ստուգում իրականացնելու համար:

9. Բողոքներն ըստ բովանդակության ենթակա են ուսումնասիրության (ստուգման)`
ա) տեսչական մարմնում` հաստատությունից կամ այլ մարմիններից պաշտոնապես ստացված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում,
բ) բողոքում նշված հաստատությունում և (կամ) այլ մարմնում` սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերում:
10. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա տեսչական մարմինը դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում պատասխանում է բողոք ներկայացնող անձին կամ մարմնին, և ուսումնասիրության (ստուգման) արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառում տվյալ հաստատության ռիսկայնության հաշվարկում:

11. Բողոքները վերլուծվում, դիտարկվում և օգտագործվում են ռիսկերի կառավարման համար:

12. Եթե հաստատության գործունեության հետ կապված բողոքը պարունակում է տվյալ հաստատության կողմից օրենսդրության խախտման մասին վկայող տեղեկատվություն, որը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3.1. մասի 2-րդ կետին, ապա տեսչական մարմինը բողոքին ընթացք է տալիս «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Հաստատության գործունեության հետ կապված բողոքները վերլուծվում են տեսչական մարմնի կողմից, վերահաշվարկվում համապատասխան ոլորտի ռիսկերը՝ հաստատությունների անհատական ռիսկերը գնահատելու, ինչպես նաև հաստատությունների ռիսկայնության աստիճանը որոշելու նպատակով:
14. Տեսչական մարմինը վարում է ստացված բողոքների վերաբերյալ վիճակագրություն և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` քսանօրյա ժամկետում, հաշվետվություն է ներկայացնում իր կառավարման խորհրդին: