Կանոնադրություն 07.09.2017

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N  1150  – Ն  որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ  ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  1. Ընդհանուր դրույթներ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝  լիազոր մարմին) համակարգում գործող առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում  է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչական մարմնի կանոնադրության փոփոխությունները նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացվում տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) համաձայնությամբ:
Տեսչական մարմնի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:
Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
Տեսչական մարմինն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտակա­նություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատ­կերով և տեսչական մարմնի անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
Տեսչական մարմնի անվանումն է`
1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախա­րարության կրթության տեսչական մարմին.
2) ռուսերեն լրիվ` Инспекционный орган образования министерства образования и науки РА.
3) անգլերեն լրիվ` Education Inspection Body of the Ministry of Education and Science of RA.
4) հայերեն կրճատ` ԿՏՄ.
5) ռուսերեն կրճատ` ИОО.
6) անգլերեն կրճատ` EIB:
Տեսչական մարմինը կազմված է տեսչական մարմնի ղեկավարից, ղեկավարի տեղակալներից, որակի ապահովման ստորաբաժանումից և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից։
Տեսչական մարմնի նպատակն է կրթության որակի բարձրացումը և կրթական ծրագրերի յուրացման ապահովմանն աջակցելը:
10. Տեսչական մարմնի խնդիրներն են՝
1) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների, կրթակարգի կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) կրթության կազմակերպման և որակի բարելավման նպատակով նորմատիվ իրավական ակտերի, կրթության բնագավառի օրենսդրության կիրարկման վերաբերյալ մեթոդական նյութերի տեղեկացման, վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների հետևանքների վերացման աշխատանքներում մեթոդական օգնության կազմակերպման, այլ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.
3) կրթական գործունեության վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվետվություններ ներկայացնելը և հավաստիությունն ապահովելը՝ վերահսկողության միջոցով.
4) կրթական քաղաքականության իրականացման ու կրթական գործընթացի արդյու­նավետության գնահատումը և հետադարձ կապի ապահովումը.
5) կրթության որակի և չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
II. Տեսչական մարմնի գործառույթները
11. Տեսչական մարմինն իր նպատակները և խնդիրներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տնտեսավարող սուբյեկտների կողմից կրթության (նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն՝ բացառությամբ արտադպրոցական դաստիարակության) ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացում, ներառյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացում, հետևյալ ուղղություններով`
ա. կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպում, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարում, տարեկան ուսումնական ժամանակացույցների, դասացուցակների համապատասխանություն,
բ. սովորողների (անկախ կրթության ձևից) գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանում,
գ. ընդունելության, փոխադրման, տեղափոխման և ավարտման կարգերին համապատասխան` սովորողների շարժ,
դ. պետական ավարտական փաստաթղթերի ստացում, պահպանություն և բաշխում, փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների իսկություն,
ե. պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածություն,
զ. լիազորված մարմնի, տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետի) կամ տեղական ինքնակառավարման մարմնի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարում,
է. ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների համապատասխանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,
ը. կրթության որակի ապահովման ուղղությամբ կանոնադրական պահանջների կատարում, տնտեսավարող սուբյեկտների կառավարման և այլ մարմինների լիազորությունների իրականացում.
2) Հայաստանի Հանրապետության օրենքների, կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառում.
3) Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված՝ կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացում, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացում.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդագրերը լիցենզավորող մարմիններ ներկայացնելը.
5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտերի ընդունման կամ ուղեցույցների հրապարակման, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կամ լրացումների կատարման դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտներին իրազեկման ապահովում.
6) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացում և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակաուղղում դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.
7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակում այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.
8) տեսչական մարմնի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների կազմում և հրապարակում.
9) տնտեսավարող սուբյեկտների կրթական ծառայությունների արդյունավե­տության (այդ թվում՝ սովորողների կողմից հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացում) գնահատում, դրանց գործունեության վերլուծություն, զարգացմանը նպաստող առաջարկություններ ներկայացնելը, ինչպես նաև դրանց իրականացման վերահսկում.
10) ստուգումների (ուսումնասիրությունների) արդյունքների հիման վրա հաշվետվությունների, ակտերի, տեղեկանքների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների, ամփոփագրերի և այլ փաստաթղթերի կազմում.
11) տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կրթության ստորաբաժանումների գործունեության` կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության վերահսկում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն։
III. Տեսչական մարմնի կառավարումը
12. Տեսչական մարմինը կառավարում է տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), որը կազմված է ինն անդամից:
13. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, կրթության  բնագավառում քաղաքացիների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, կրթության բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և կրթության  բնագավառի գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:
14. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
15. Խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (նախարարի տեղակալը):
16. Խորհրդի լիազորություններն են`
1) տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերի հաստատումը.
2) ստուգումներին առնչվող ուղեցույցների հաստատումը.
3) որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացման միջոցառումների նախաձեռնումը և դրանց իրականացման վերահսկումը.
4) տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի հաստատումը.
5) տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագծի քննարկումը և դրան հավանություն տալը.
6) կատարողականի գնահատման ընթացակարգերի  հաստատումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
7) տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղա­քացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալը.
8) տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների թեկնածությանը հավանություն տալը.
9 ) օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում:
IV. Տեսչական մարմնի ղեկավարումը
17. Տեսչական մարմնի ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը, խորհրդի ներկայացմամբ, պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
18. Տեսչական մարմնի ղեկավարն ունի 2 տեղակալ, որոնց պաշտոնի է նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման ու պատաս­խանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:
19. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
20. Տեսչական մարմնի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
21. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:
22. Տեսչական մարմնի ղեկավարը՝
պատասխանատու է կրթության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար.
ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալների թեկնածությունները և սահ­մանում է նրանց իրավասությունների շրջանակը.
օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարություն.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների թիվը.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  հաս­տատմանն է ներկայացնում տեսչական մարմնի՝ խորհրդի հավանությանն արժանացած հաստիքացուցակը.
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր, տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
8) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.
9) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
11) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.
12) խորհրդի հաստատմանն է ներկայացնում՝
ա. տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը,
բ. տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.
13) ապահովում է տեսչական մարմնի համագործակցությունն այլ պետական մարմինների հետ.
14) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
23. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը։
24. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա պետական կառավարման ոլորտի պաշտոնի ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն
3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
25. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը`
1) տեսչական մարմնի նպատակներին և խնդիրներին համապատասխան` տեսչական մարմնի ստորաբաժանումներին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.
2) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է նրա մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
4) պարբերաբար տեսչական մարմնի ղեկավարին է ներկայացնում տեղեկա­տվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.
5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում տեսչական մարմնի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում է տեսչական մարմնի ղեկավարին.
6) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ՝ իրականացնում է այլ գործառույթներ:
V. Տեսչական մարմնի աշխատանքների կազմակերպումը  և ֆինանսավորումը
26. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմա­կերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի աշխատակազմի համապատաս­խան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:
27. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է լիազոր մարմնի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում՝ առանձին տողով:
28. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:
29. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հաստատմանը: Խորհրդի հաստատումից հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է լիազոր մարմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:
30. Լիազոր մարմինը տեսչական մարմնի բյուջետային հայտը նույնությամբ ներառում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում:
31. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պարունակում է իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
32. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ`        Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ