Խորհրդատվական բնույթի ճանաչողական այցելություն Շիրակի մարզ:

Գյումրիի Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շիրակի մարզի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավար կազմերի և ներկայացուցիչների հետ ճանաչողական և խորհրդատվական բնույթի հանդիպում:
Համանման հանդիպումները ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքային ծրագրով նախատեսվող գործընթաց է, որի նպատակն է նախքան տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելը բարձրացնել տեսչական մարմնի գործառույթների վերաբերյալ ուսումնական հաստատությունների իրազեկվածությունը և աշխատանքները դարձնել առավել թափանցիկ:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և հակիրճ ներկայացրեց Կրթության տեսչական մարմնի գործառույթները, ընթացիկ և առաջիկա անելիքները: Կրթության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ տեսչական մարմինը պատրաստ է իր լիազորությունների և պարտականությունների շրջանակներում աջակցել և օժանդակել մարզի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարա Հովհաննիսյանն էլ իր խոսքում կարևորեց փոխադարձ համագործակցությունը և նշեց, որ Տեսչական մարմինի աշխատակիցները պատրաստ են աջակցելու, խորհրդատվություն տրամադրելու ուսումնական հաստատությունների տնօրեններին, հնարավոր խնդիրները կանխելու նպատակով: Կրթության տեսչական մարմնի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության պետ Սասուն Համբարձումյանը և վարչության աշխատակից Անահիտ Մելիքյանը ներկայացրեցին նախատեսվող ստուգումների ընթացակարգային հարցրերը, ինչպես նաև իրավական ընդհանուր պահանջների մասին: Այնուհետև ծավալված հարց ու պատասխանի ընթացքում բարձրացվեցին Շիրակի մարզում առկա նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների խնդիրները: